Tuesday, May 26, 2015

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Հավատ առ բարին

Բացեցի աչքերս խորը քնից արթնանալով: Առաջինը, որ նկատեցի սպիտակ, տխուր, լուռ ու դժգույն պատերն էին, որոնք նշմարվող թույլ լույսի ազդեցության տակ էլ ավելի թշվառ էին դառնում և գունավորից զուրկ: Աչքերս դժվարությամբ էի շարժում, երբ հանկարծ նկատեցի անծանոթ, թույլ նշմարվող մի ուրվագիծ, որը սկզբում թվաց, թե անիրական է, ուրվական, սակայն զարմանքս մեծ եղավ, երբ ինձ թվացող ուրվականը սկսեց զգալի ձայնի ճիշտ և հնչեղ շեշտադրությամբ խոսել:

Քանզի իր ուշադրությունից չէր վրիպել իմ արթնանալը, շտապեց առանց վայրկյան կորցնելու խոսել, որովհետև բոլորս էլ գիտենք վայրկյանների արժեքը.. Առաջին նախադասությունը լսելուց հետո զարմանքս կրկնապատկվեց. -Այս աշխարհում մարդկանց ինչո՞վ են չափում: -Ի՞ նչ, եղավ իմ անսպասելի արձագանքը: -Այո',այո',դու ճիշտ լսեցիր, սակայն ևս մեկ անգամ քեզ համոզելու համար նորից կկրկնեմ. այս աշխարհում մարդկանց ինչո՞վ են չափում: -Պետք է խոստովանեմ, որ հարցդ հետաքրքիր էր: Այս աշխարհում մարդկանց չափում են ` բարությամբ, անկեղծությամբ, սիրառատ սրտով, մաքուր հոգով, վստահությամբ և իհարկե` ճշմարիտ խոսելով: -Գեղեցիկ էր ասածդ, բայց միթե՞այդ բոլոր խոսքերդ 21-րդ դարի մասին էին: -Այո, ճիշտ 21-րդ դարին: Իսկ ինչու՞ է ձեզ` բոլոր մահկանացուներիդ թվում, թե դարը կապ ունի մարդկանց սրտի և հոգու լարերի հետ: -Քսանմեկերորդ դարը ռոբոտացման դար է: Այստեղ դրամը ամեն ինչ է: -Իսկ դու փորձիր դրամ բառը կարդալ հակառակ: Փորձեցի՞ր, ի՞նչ ստացվեց, հասկացա՞ր, որ դրամ գոյականը կապ չունի մարդ բառի հետ: Մարդ ծնվում են, բայց ոչ բոլորն են կարողանում դառնալ մարդ: -Ինչ-որ առումով համաձայն եմ, բայց այսօր մարդիկ չար են, անսիրտ և որ ամենից վատն է` այս ամենով հանդերձ` տխուր:
-Յուրաքանչյուր մարդ արարածի սրտի խորքում կա բարին, ուղղակի նա կարողացել է վարպետորեն թաքցնել այն սրտի մի խոր անկյունում, որի տեղը երբեմն ինքն էլ է մոռանում: Յուրաքանչյուրիս մեջ կա և' բարին, և' չարը, և' ժպիտը, և' արցունքը, և' ուրախությունը, և' տխրությունը: Պարզապես մենք բոլորս էլ փորձում ենք թաքցնել մեր թույլ կողմերը: Մարդը փոփոխական էակ է, նա չի եղել և չի կարող լինել կայուն: Մարդ արարածը տրամադրության ստրուկն է: -Ստրկությունից միշտ էլ կարելի է ազատվել: -Ցանկացած իրավիճակից կարելի է ազատվել, եթե ունես ցանկություն: Եվ հենց այս է խնդիրը, որ մարդը չի ցանկանում ազատվել գերությունից: Մարդիկ բոլոր դարերում գործել են սխալներ, իսկ հետո զղջացել և ներողություն խնդրել, հուսահատվել են, բայց հետո հավատացել, մի բան կորցրել են` մի ուրիշ բան գտել, չեն հավատացել, իսկ հետո աղոթել են` ԱՄԵՆ: -Այս տեսակը շահամոլ է, էգոիստ: -Իսկ դու, հենց դու ինչպիսի՞ն ես: Միթե՞ դու ինչ-որ բան անելուց առաջ չես մտածում, թե ինչը լավ կլինի քեզ համար, մի՞թե դա դու չես: Դա դու ես, ես եմ և բոլորն են: -Դու հավատում ե՞ս Աստծուն: -Ես հավատում եմ մարդկանց մեջ գտնվող բարությանը, ներողամտությանը, մեկը մյուսի հանդեպ սիրուն:Եվ այո, ես հավատում եմ Հիսուսին, ով զոհաբերեց իրեն (որովհետև հավատում էր հոգու անմահությանը) բոլորի համար:

Monday, May 25, 2015

Արշակի սիրո յուրահատուկ խոստովանությունը

Բոլոր նրանց, ովքեր խենթ են, ինքնատիպ ու սիրահարված, գարունը դարձնում է էլ ավելի խենթ: Ահա դրա վառ ապացույցը. դիտենք, թե ինչպիսի ինքնատիպ սիրո խոստովանություն է պատրաստել իր սիրտը գրաված տիրուհու համար այս խենթ ու սիրահարված երիտասարդը: Իսկ նա ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆՆ է, <<Միացյալ Ուսանողական Լիգա>> ԵՀԿ Ինտելեկտուալ ակումբի ղեկավարը, ակտիվ ու հնարամիտ, և պարզապես պոզիտիվ մի անձնավորություն, իսկ նրա սիրելիի անունը մենք տեսանյութ-խոստովանության մեջ տեսնում ենք բազմիցս` ԶՎԱՐԹ: Եվ այսպես, Զվա'րթ, վերջապես հասկացիր, Արշակը քեզ շատ է սիրում: Իսկ մեզ մնում է փոխադարձ սեր և ուրախ օրեր մաղթել Արշակին և Զվարթին:

Saturday, May 23, 2015

Հարցազրույց ֆոտոմրցույթի հաղթողներ Լևոնի և Մարիի հետ


Ովքեր հետևել են մեր էջին, կհիշեն 2015թ-ի սիրո տոների առթիվ անցկացրած սիրահար զույգերի ֆոտոմրցույթը: Նշենք, որ մրցույթի արդյունքներին անդրադառնում ենք ուշացումով, քանի որ հաղթող զույգի տղան ծառայում է ՀՀ զինված ուժերում: Հենց այդ պատճառով մեր մրցանակի մի հատվածը` ֆոտոշարքը չկարողացանք իրականացնել, իսկ հարցազրույցն ունեցանք դժվարությամբ: Սակայն այս ընթացքում մենք հասցրեցինք մտերմանալ այս զարմանալի զույգի հետ, ինչի համար շատ ուրախ ենք: Դե ինչ, ներկայացնենք նրանց հարցազրույցը:
***
Ֆոտոմրցույթի բոլոր զույգերն էլ գեղեցիկ էին և ինքնատիպ, և մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին: Իսկ մեր հաղթող զույգը, որ առաջատարը դարձավ մրցույթի առաջին իսկ րոպեներից, իրոք յուրահատուկ է: Արդեն իսկ մի շարք նմանատիպ մրցույթների հաղթողները`ԼԵՎՈՆԸ և ՄԱՐԻՆ աչքի են ընկնում ակտիվությամբ, միմյանց անսահման նվիրվածությամբ և երբեք չեն դադարում ուրախացնել իրենց գեղեցիկ սիրո գեղեցիկ դրսևորումներով:
Մրցույթին հաղթած լուսանկարը

Հանդիպում երիտասարդ տաղանդավոր գրող ԳՐԻԳԻ հետ

2015 թ-ի փետրվարի 26-ին, մեր երիտասարդական կազմակերպության անդամներից մի քանիսի հետ <<Հայ գիրք>> գրախանութում ներկա գտնվեցինք երիտասարդ գրող Գրիգի հետ հանդիպմանը: Գրախանութի գողտրիկ, բազմաթիվ ու բազմազան գրքերի հրաշալի էներգիան կրող մթնոլորտն արդեն իսկ տրամադրում էր գրականությամբ հագեցած, ինտելեկտուալ զրույց-քննարկման: Այն, հիրավի, հագեցած էր ու հետաքրքիր. Գրիգն ընթերցեց իր գեղեցիկ պատմվածքներից մեկը` մեծ բավականություն պարգևելով ներկաներին, քննարկվեցին նրա ստեղծագործական նախասիրությունները, հուզող թեմաներն ու կերպարները, նախատեսվող գրքի հրատարակումն ու շնորհանդեսը: Շնորհակալություն ենք հայտնում գրախանութի անձնակազմին` նման կարևոր միջոցառումների կազմակերպման և երիտասարդ արվեստագետներին խրախուսելու համար: Շնորհակալ ենք նաև երիտասարդ ու տաղանդավոր գրողին: Մեր կազմակերպությունը մեծապես հետաքրքրված է ստեղծագործող անհատներով, առաջիկայում մենք նույնպես նախատեսում ենք նման հանդիպումներ:

Տեսանյութ` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին

2015 թվականը հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության համար հատկանշական տարեթիվ է, այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այդ առթիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի ամենատարբեր ծայրերում կազմակերպվեցին և կազմակերպվում են բազմազան միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր և այլն:
<<Միացյալ Ուսանողական Լիգա>> երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները նույնպես հետաքրքիր ու ինքնատիպ կերպով հագանքի տուրք մատուցեցին Եղեռնի տարելիցին: Ապրիլի 24-ին նրանք ներկայացրեցին իրենց նախաձեռնությամբ և մասնակցությամբ պատրաստված տեսանյութ` <<Մենք բացել ենք մեր աչքերը>>: Այստեղ Հայոց Ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները դեմքերին և այդ ազգերի լեզուներով ԵՀԿ անդամներն իրենց շնորհակալությունն են հայտնում և մյուսներին էլ կոչ անում նույնպես բացել աչքերը և ճանաչել բացահայտ պատմական իրողությունը:https://www.youtube.com/watch?v=QdvgRpt0cQw&feature=youtu.be